Read in the reader, with word lookup
Սաղմոս ՃԺԸ
Ալէլուիա
Երանի նրանց, ովքեր անբիծ ուղի են բռնել, եւ ընթանում են Տիրոջ օրէնքով։
Երանի նրանց, ովքեր հետեւում են նրա պատուիրաններին, իրենց ամբողջ սրտով փնտռում են նրան։
Անօրէնութիւն գործողները չեն, որ պիտի ընթանան նրա ճանապարհներով։
Դու հրամայեցիր, որ քո պատուիրանները խստօրէն պահեմ։
Իմ ճանապարհները յաջող կը լինեն, եթէ քո պատուիրանները պահեմ։
Այն ժամանակ ես չէի ամաչում՝ երբ զգոյշ էի քո պատուիրանների հանդէպ։
Ես գոհութիւն պիտի մատուցեմ քեզ, Տէ՛ր, ուղիղ սրտով, սովորելով քո արդար դատաստանները։
Պահեցի ես քո օրէնքները, իսպառ մի՛ լքիր ինձ։
Երիտասարդն ի՞նչ միջոցով ուղղի ճանապարհն իր, եթէ ոչ քո խօսքերը պահելով։
Իմ ամբողջ սրտով քեզ փնտռեցի, մի՛ զրկիր ինձ քո պատուիրաններից։
Քո խօսքերը սրտումս թաքցրի, որ չմեղանչեմ քո դէմ։
Օրհնեալ ես դու, Տէ՛ր, սովորեցրո՛ւ ինձ քո օրէնքները,
որ շրթունքներով իմ պատմեմ բերանիդ բոլոր դատաստանները։
Քո պատուիրանների ճանապարհին եմ գտնում ես իմ ուրախութիւնը, աւելի քան ամէն տեսակ հարստութեան մէջ։
Քո պատուիրանների մասին խորհեցի, հետեւեցի քո ճանապարհներին։
Քո օրէնքները կատարեցի եւ չմոռացայ խօսքերը քո։
Հատուցի՛ր քո ծառային, որ ապրեմ ու պահեմ խօսքերը քո։
Բա՛ց իմ աչքերը, որ տեսնեմ քո օրէնքի հրաշալիքները։
Պանդուխտ եմ ես երկրի երեսին, պատուիրաններդ մի՛ թաքցրու ինձնից։
Ես փափագեցի ամէն ժամ ցանկանալ քո դատաստանները։
Դու սաստեցիր ամբարտաւաններին. անիծեալ են նրանք, ովքեր խոտորուեցին քո պատուիրաններից։
Հեռացրո՛ւ ինձնից նախատինքն ու արհամարհանքը, քանզի ես նախանձախնդիր եղայ քո վկայութիւններին։
Թէեւ իշխանները նստած չարախօսում էին իմ մասին, բայց քո ծառան խորհում էր քո օրէնքների մասին։
Քո վկայութիւններն իմ խօսքերն էին, եւ քո արդարութիւնն՝ իմ խորհուրդը։
Դալէթ Հոգիս մերձեցաւ հողին. Տէ՛ր, ըստ քո խոստման՝ փրկի՛ր ինձ։
Իմ ճանապարհների մասին պատմեցի քեզ, ու դու ինձ լսեցիր. դատաստաններդ սովորեցրո՛ւ ինձ։
Ինձ ճանաչե՛լ տուր քո արդարութիւնների ճանապարհը, որ խորհեմ քո հրաշագործութիւնների մասին։
Հոգիս անքուն մնաց ձանձրոյթից, ըստ քո խոստման՝ ամրապնդի՛ր ինձ։
Մեղքի ճանապարհները հեռացրո՛ւ ինձնից, եւ քո օրէնքով ողորմի՛ր ինձ։
Քո ճշմարտութեան ճանապարհն ընտրեցի, եւ քո օրէնքները ես չմոռացայ։
Մերձեցայ քո պատուիրաններին. Տէ՛ր, մի՛ ամաչեցրու ինձ։
Քո պատուիրանների ճանապարհով ընթացայ, քանզի անդորրութիւն տուիր իմ սրտին։
Տէ՛ր, իրաւունքիդ ճանապարհի օրէնսգէտն ի՛նձ դարձրու, որ ամէն ժամ հետեւեմ դրան։
Իմաստո՛ւն դարձրու ինձ, որ քննեմ քո օրէնքը եւ ամբողջ սրտովս պահպանեմ այն։
Առաջնորդի՛ր ինձ քո պատուիրանների շաւիղներով, քանզի հաճելի են դրանք ինձ։
Սիրտս հակի՛ր դէպի քո պատուիրանները, եւ ոչ թէ դէպի ագահութիւն։
Շրջի՛ր աչքերս, որ ունայնութիւն չտեսնեմ, ինձ պահպանի՛ր քո ճանապարհին։
Քո ծառայի համար հաստատի՛ր քո խօսքը, որ քո երկիւղի մէջ մնամ։
Ազատի՛ր ինձ նախատինքներից, որոնցից կասկածում էի, քանզի քաղցր են դատաստանները քո։
Ահա ցանկացայ քո պատուիրանները, քո արդարութեամբ պահպանի՛ր ինձ։
Ողորմութիւնդ ինձ վրայ թող գայ, Տէ՛ր, եւ փրկութիւնդ՝ ըստ քո խոստման։
Ես խօսքով պատասխան կը տամ ինձ նախատողներին, քանզի յոյսս դրի քո խօսքերի վրայ։
Ճշմարտութեան խօսքը բնաւ մի՛ հեռացրու իմ բերանից, քանզի յոյսս դրի քո դատաստանների վրայ։
Քո օրէնքը պահեցի ամէն ժամ, յաւիտեան եւ յաւիտեանս յաւիտենից։
Ես ընթացայ անդորրութեան մէջ, քանզի քո պատուիրանները փնտռեցի։
Թագաւորների առաջ խօսեցի քո պատուիրանների մասին ու չամաչեցի։
Խորհեցի քո պատուիրանների մասին, որոնք սիրեցի։
Ձեռքս պարզեցի դէպի պատուիրանները քո, որոնք սիրեցի, եւ խորհեցի քո արդարութեան մասին։
Յիշի՛ր քո ծառային տրուած խօսքը, որի վրայ էլ դրիր իմ յոյսը։
Դա է թշուառութեանս մէջ ինձ մխիթարողը, քանզի քո խօսքն ինձ պահպանեց։
Ամբարտաւանները շատ անիրաւութիւն գործեցին իմ դէմ, բայց ես քո օրէնքից չխոտորուեցի։
Քո յաւերժական օրէնքները յիշեցի, Տէ՛ր, ու մխիթարուեցի։
Տրտմութիւն իջաւ ինձ վրայ մեղաւորների ու քո օրէնքը լքողների երեսից։
Պատուիրաններդ գովասանքի արժանի են ինձ համար իմ պանդխտավայրում։
Գիշերն յիշեցի քո անունը, Տէ՛ր, եւ քո օրէնքը պահեցի։
Դա՛ եղաւ կեանքիս ուղին, քանզի քո արդարութիւնը փնտռեցի։
Բաժինս դո՛ւ ես, Տէ՛ր, ասացի որ օրէնքիդ պիտի հետեւեմ։
Ամբողջ սրտովս աղօթեցի քո դիմաց, ողորմի՛ր ինձ ըստ քո խոստման։
Իմ ճանապարհի մասին խորհեցի, եւ քայլերս դէպի քո պատուիրանները շրջեցի։
Պատրաստուեցի եւ չվախեցայ պահել քո պատուիրանները։
Մեղքի ցանցերը պատեցին ինձ, բայց քո օրէնքը ես չմոռացայ։
Կէսգիշերին ելնում էի գոհութիւն մատուցելու քեզ քո արդար դատաստանների համար։
Հաղորդակցւում էի քեզնից երկիւղ կրող բոլոր մարդկանց հետ, ովքեր պահում են պատուիրանները քո։
Երկիրը լցուել է Տիրոջ ողորմութեամբ, սովորեցրո՛ւ ինձ արդարադատութիւնը քո։
Քաղցրութեամբ վարուեցիր ծառայիդ հետ, Տէ՛ր, քո խօսքի համաձայն։
Քաղցրութիւն, խրատ եւ գիտութիւն սովորեցրո՛ւ ինձ, քանզի հաւատացի քո պատուիրաններին։
Քանի դեռ չէի խեղճացել՝ մեղանչում էի, դրա համար խստօրէն հետեւեցի քո խօսքերին։
Քաղցր ես դու, Տէ՛ր, եւ քո քաղցրութեամբ քո արդարադատութիւնը սովորեցրո՛ւ ինձ։
Ամբարտաւանների անիրաւութիւններն իմ դէմ շատացան, բայց ես ամբողջ սրտովս քո պատուիրանները քննեցի։
Կաթի պէս թանձրացաւ սիրտը նրանց, բայց ես քո օրէնքներով խօսեցի։
Լաւ է, որ դու խոնարհ դարձրիր ինձ, որպէսզի քո արդարադատութիւնը սովորեմ։
Քո բերանից ելած օրէնքն ինձ համար աւելին է, քան հազարներով արծաթ ու ոսկի։
Քո ձեռքերն արարեցին ու ստեղծեցին ինձ, ինձ իմաստո՛ւն դարձրու, որ սովորեմ պատուիրանները քո։
Քեզնից երկիւղ կրողները պիտի տեսնեն ինձ եւ ուրախանան, քանզի յոյսս դրի քո խօսքերի վրայ։
Հասկացայ, Տէ՛ր, որ քո դատաստանն արդար է, եւ իրաւացիօրէն խոնարհ դարձրիր ինձ։
Ողորմութիւնդ թող ինձ մխիթարութիւն լինի՝ ծառայիդ տրուած խօսքիդ համաձայն։
Գթութիւններդ թող ինձ վրայ գան, որպէսզի փրկուեմ, քանզի քո օրէնքներն են իմ խօսքերը։
Ամբարտաւանները պիտի ամաչեն, որ իզուր անիրաւութիւն գործեցին իմ դէմ, իսկ ես քո պատուիրանների մասին պիտի խորհեմ։
Թող ինձ խրատեն քեզնից երկիւղ կրողները եւ քո վկայութիւնները ճանաչողները։
Թող սիրտս անբիծ լինի քո արդարութեան մէջ, որպէսզի չամաչեմ։
Հոգիս կարօտեց քո փրկութեանը, քանզի յոյսս դրի քո խօսքի վրայ։
Աչքերս սպասեցին քո խօսքին, ասացի՝ «Ե՞րբ պիտի մխիթարես ինձ»։
Եղայ ես ինչպէս տիկը սառնամանիքում, քանի որ քո արդարադատութիւնը չմոռացայ։
Որքա՞ն են քո ծառայի օրերը, ե՞րբ պիտի տեսնես դատաստանն ինձ հալածողների։
Անօրէններն ինձ խորհուրդներ տուին, բայց ոչ քո օրէնքի համեմատ։
Քո բոլոր պատուիրանները ճշմարիտ են, իզուր ինձ հալածեցին, օգնի՛ր ինձ։
Մի փոքր եւս՝ եւ նրանք կորստեան կը մատնէին ինձ երկրի երեսին, բայց ես չլքեցի քո պատուիրանները։
Քո ողորմութեամբ կեանք տուր ինձ, եւ ես կը պահպանեմ քո բերանի վկայութիւնները։
Քո խօսքը, Տէ՛ր, յաւիտեան երկնքում է։
Սերնդից սերունդ մնում է քո ճշմարտութիւնը, դու հաստատեցիր երկիրը, որ կայ։
Քո հրամանին է սպասում ցերեկը, քանզի բոլորը քո ծառաներն են։
Եթէ քո օրէնքն իմ խօսքը չլինէր, վաղուց ես կործանուած կը լինէի իմ թշուառութեան մէջ։
Յաւիտեան չպիտի մոռանամ քո արդարութիւնները, քանզի դրանցո՛վ ինձ պահպանեցիր։
Քոնն եմ ես՝ փրկի՛ր ինձ, քանզի արդարադատութիւնդ փնտռեցի։
Մեղաւորները հետամտեցին, որ կործանեն ինձ, քանզի մտքումս քո վկայութիւնները դրի։
Ամէն կատարելութեան վախճանը տեսայ, քո պատուիրանները խիստ ընդարձակ էին ինձ համար։ ՍԷՐ ՏԻՐՈՋ ՕՐԷՆՔԻ ՀԱՆԴԷՊ Մէմ
Որքա՜ն սիրեցի օրէնքները քո, նրանք գիշեր-ցերեկ իմ խոհերն էին։
Թշնամիներիցս աւելի խելացի դարձրիր ինձ քո պատուիրաններով, քանզի նրանք իմն էին միշտ։
Բոլոր ուսուցիչներիցս աւելի իմաստուն եղայ, քանզի քո վկայութիւններն իմ խոհերն էին։
Ծերունիներից աւելի իմաստուն դարձայ, քանզի քո պատուիրանները քննեցի։
Ոտքերս ետ պահեցի չարիքի բոլոր ճանապարհներից, որպէսզի պահեմ քո խօսքերը։
Քո իրաւունքից չխոտորուեցի, քանզի դու ինձ օրէնսգէտ դարձրիր։
Որքա՜ն քաղցր են քո խօսքերն իմ քիմքին՝ աւելի քաղցր, քան մեղրն իմ բերանին։
Քո պատուիրաններով իմաստնանալով՝ ատեցի չարիքի բոլոր ճանապարհները, քանզի դու ինձ օրէնսգէտ դարձրիր։
Քո խօսքը ճրագ է իմ ոտքերի համար, եւ լուսաւորում է իմ շաւիղները։
Երդուեցի ու որոշեցի, որ պիտի պահեմ քո բոլոր արդար դատաստանները։
Սաստիկ թշուառ եղայ. Տէ՛ր, կեա՛նք տուր ինձ ըստ քո խոստման։
Բարեհաճի՛ր ընդունել ընծան իմ բերանի, Տէ՛ր, եւ քո իրաւունքն ինձ սովորեցրո՛ւ։
Հոգիս ամէն ժամ քո ձեռքում է, եւ ես քո օրէնքը չմոռացայ։
Մեղաւորները որոգայթ լարեցին իմ դէմ, ես քո պատուիրաններից չխոտորուեցի։
Յաւիտեան ժառանգեցի քո վկայութիւնները, քանզի նրանք իմ սրտի ցնծութիւնն են։
Սիրտս առյաւէտ խոնարհեցրի, որ հատուցման համար քո օրէնքները կատարեմ։
Ատեցի անօրէններին, եւ քո օրէնքը սիրեցի։
Օգնականն ու փրկիչն իմ դու ես, եւ ես յոյսս դրի քո խօսքի վրայ։
Հեռացէ՛ք ինձնից, չարագործնե՛ր, որ ես իմ Աստծու պատուիրանները քննեմ։
Օգնի՛ր ինձ ըստ քո խօսքի ու պահպանի՛ր ինձ, եւ իմ յոյսի մէջ ինձ մի՛ ամաչեցրու։
Օգնի՛ր ու փրկի՛իր ինձ, որ շարունակ քո դատաստանի մասին մտածեմ։
Անարգեցիր բոլոր նրանց, ովքեր ընդվզեցին քո արդարադատութեան դէմ, քանզի անիրաւ էին նրանց խորհուրդները։
Յանցաւոր համարեցի աշխարհի բոլոր մեղսագործներին, դրա համար սիրեցի պատուիրանները քո։
Մարմինն իմ գամի՛ր քո երկիւղին, քանզի սաստիկ վախեցայ քո դատաստաններից։
Դատաստան եւ արդարութիւն գործեցի, ինձ մի՛ մատնիր ինձ նեղողների ձեռքը։
Ծառայիդ բարութեա՛մբ ընդունիր, որ ամբարտաւանները չչարչարեն ինձ։
Աչքերն իմ սպասեցին քո շնորհելիք փրկութեանը, Տէ՛ր, եւ քո արդարութեան խօսքին։
Ծառայիդ հետ վարուի՛ր քո ողորմութեան համեմատ, քո արդարադատութիւնն ինձ սովորեցրո՛ւ։
Ես քո ծառան եմ, ինձ իմաստո՛ւն դարձրու, որ ճանաչեմ քո վկայութիւնները։
Ժամն է, որ Տէրը վեր կենայ, քանզի խափանեցին քո օրէնքը։
Յիրաւի, սիրեցի քո պատուիրանները ոսկուց ու տպազիոնից աւելի։
Քո բոլոր պատուիրաններն ինձ յաջողութիւն բերին, քանզի ատեցի ճանապարհը չարիքի։
Սքանչելի են քո վկայութիւնները, դրա համար հոգիս սիրեց դրանք։
Քո խօսքերի յայտնութիւնը լուսաւորում եւ իմաստնացնում է պարզամիտներին։
Բերանս բացեցի ու շունչ առայ, հոգիս փափագեց պատուիրանները քո։
Նայիր ի՛նձ եւ ողորմի՛ր ինձ քո անունը սիրողների իրաւունքի համեմատ։
Ճանապարհն իմ ուղղի՛ր քո խօսքի համաձայն, որ զանազան մեղքեր չտիրեն ինձ։
Փրկի՛ր ինձ մարդկանց զրպարտութիւնից, եւ ես քո պատուիրանները կը պահեմ։
Երեսդ ցո՛յց տուր քո ծառային, եւ քո արդարադատութիւնը սովորեցրո՛ւ ինձ։
Ջրերի վտակներ իջան իմ աչքերից, քանզի մարդիկ չհետեւեցին քո օրէնքներին։
Արդար ես դու, Տէ՛ր, եւ շիտակ են քո դատաստանները։
Դու պատուիրեցիր քո վկայութիւնները, որոնք արդարեւ շատ ճշմարիտ են։
Նախանձախնդրութիւնը քո հանդէպ մաշեց ինձ, քանզի թշնամիներն իմ մոռացան խօսքերը քո։
Խիստ ընտիր են խօսքերը քո, եւ քո ծառան սիրեց դրանք։
Մանուկ եմ ես եւ արհամարհուած, բայց քո արդարութիւնը չմոռացայ։
Քո արդարութիւնը յաւերժական արդարութիւն է, եւ քո օրէնքը՝ ճշմարիտ։
Նեղութիւնն ու վիշտն ինձ պատեցին, բայց քո պատուիրաններն իմ խօսքերն եղան։
Քո վկայութիւններն արդար են յաւիտեան, իմաստո՛ւն դարձրու եւ պահպանի՛ր ինձ։
Ամբողջ սրտովս քեզ ձայն տուի, լսի՛ր ինձ, Տէ՛ր, քանզի քո արդարութիւնը փնտռեցի։
Աղաղակեցի քո առջեւ՝ փրկի՛ր ինձ, եւ ես քո վկայութիւնները կը պահեմ։
Ես վաղ առաւօտեան արթնացայ ու աղաղակեցի եւ իմ յոյսը դրի քո խօսքերի վրայ։
Առաւօտից շուտ բացուեցին աչքերն իմ, որ քո խօսքերն արտասանեմ։
Լսի՛ր իմ ձայնը, Տէ՛ր, ըստ քո ողորմութեան. Տէ՛ր, քո դատաստանով փրկի՛ր ինձ։
Հալածիչներս անօրէնութիւնը մօտեցրին ինձ, քանզի նրանք հեռու եղան քո օրէնքից։
Մօտ ես դու, Տէ՛ր, եւ քո բոլոր պատուիրանները ճշմարիտ են։
Սկզբից եւեթ ճանաչեցի քո վկայութիւնները, որոնք դու յաւիտեա՛ն հաստատեցիր։
Տե՛ս իմ թշուառութիւնը եւ փրկի՛ր ինձ, քանզի քո օրէնքը ես չմոռացայ։
Տե՛ս իմ դատաստանը եւ ազատի՛ր ինձ, ու քո խօսքի համաձայն պահպանի՛ր ինձ։
Փրկութիւնը հեռու է մեղաւորներից, քանզի նրանք քո օրէնքները չպահեցին։
Քո գթութիւնները շատ են, Տէ՛ր, եւ քո դատաստանի համաձայն պահպանի՛ր ինձ։
Բազմաթիւ եղան իմ հալածիչներն ու ինձ նեղողները, բայց քո վկայութիւններից ես չխոտորուեցի։
Մաշւում էի նայելով անողորմներին, քանզի քո պատուիրանները չպահեցին նրանք։
Տե՛ս, թէ որքա՜ն սիրեցի քո պատուիրանները. Տէ՛ր, քո ողորմութեամբ կեա՛նք տուր ինձ։
Քո խօսքի սկիզբը ճշմարտութիւնն է, յաւերժ են քո բոլոր արդար դատաստանները։
Իշխաններն իզուր հալածեցին ինձ. սիրտս միայն քո խօսքերից սարսափեց։
Ես ցնծացի քո խօսքերով ինչպէս մէկը, որ մեծ աւար է գտնում։
Ատեցի ու արհամարհեցի մեղքը, եւ քո օրէնքը սիրեցի։
Օրուայ մէջ եօթն անգամ քեզ պիտի օրհնեմ քո արդար դատաստանի համար։
Քո օրէնքը սիրողները մեծ խաղաղութեան մէջ են, եւ նրանց համար չկայ գայթակղութիւն։
Սպասեցի քո փրկութեանը, Տէ՛ր, եւ քո պատուիրանները սիրեցի։
Հոգիս պահեց քո վկայութիւնները, եւ ես շատ սիրեցի դրանք։
Հետեւեցի քո պատուիրաններին եւ վկայութիւններին, քանզի իմ բոլոր ուղիներն առջեւդ են։
Իմ խնդրանքները թող մօտենան քեզ, Տէ՛ր, քո խօսքի համաձայն իմաստո՛ւն դարձրու ինձ։
Իմ աղօթքը թող հասնի քեզ, Տէ՛ր, եւ քո խօսքով փրկի՛ր ինձ։
Իմ շրթունքները քեզ օրհնութիւն կը բխեցնեն, երբ ինձ սովորեցնես քո արդարադատութիւնը։
Իմ լեզուն քո խօսքերը կ’արտասանի, քանզի քո բոլոր պատուիրաններն արդար են։
Քո ձեռքն իմ պահապանը թող լինի, քանզի քո պատուիրաններն ընտրեցի։
Քո շնորհելիք փրկութիւնը ցանկացայ, Տէ՛ր, եւ քո օրէնքներն իմ խօսքերն եղան։
Թող ես ապրեմ,որ օրհնեմ քեզ, եւ քո արդարադատութիւնն ինձ թող օգնի։
Մոլորուեցի կորուսեալ ոչխարի պէս, փնտռի՛ր ծառայիդ, քանզի պատուիրաններդ չեմ մոռացել։